Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի մասնակցի Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին։ Այս մասին հայտնում է «ԿազՏԱԳ» գործակալությունը։

«Ֆրանսիան գագաթաժողովում կներկայացնի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, դա է ֆրանսիական կողմի որոշումը»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իլյաս Օմարովը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԵԱՀԿ գագաթաժողովին  մասնակցելու համար Աստանա է ժամանել կազմակերպության քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն, ԵԱՀԿ տարբեր առաքելությունների ղեկավարներ։

Ղազախստանի ԱԳՆ տվյալներով, այսօր երեկոյան Վատիկանից կժամանեն պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերնոտեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Առաջիններից մեկը չարթերային չվերթով Աստանա կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին Ղազախստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի գլխավորած ամերիկյան պատվիրակության  օդանավը:

Չարթերային չվերթերով Աստանա կժամանեն նաեւ Ֆինլանդիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Չերնոգորիայի, Հայաստանի, Բելառուսի, Սլովենիայի, Ավստրիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Լեհաստանի եւ Մոլդովայի նախագահները։ Մնացած պատվիրակությունները Աստանա կժամանեն դեկտեմբերի 1-ին: