Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայությունը ստիպված է եղել նախազգուշական կրակ բացել, որպեսզի կանգնեցնի թուրքական նավը, որին կասկածել է թմրադեղերի տեղափոխության մեջ, հայտնել են ՌԻԱ Նովոստիին առափնյա պաշտպանության մամուլի ծառայությունից։

«Այսօր կեսօրից հետո Ռոդոսի նավահանգստային իշխանությունները անանուն հեռախոսային հաղորդագրություն են ստացել, որ թուրքական դրոշով «ԱՍՏ» բեռնատար նավը, որը գտնվում է Ռոդոսից արեւելք , թմրադեղեր է տեղափոխում։ Միանգամից առափնյա պաշտպանությունը գործի է անցել, հայտնաբերել «ԱՍՏ» նավը՝ Ռոդոսից 3․5 մղոն հյուսիս – արեւմուտք, այսինքն հունական տարածքային ջրերում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Առափնյա պաշտպանության նավի անձնակազմը թուրքական նավի կապիտանից պահանջել է շրջվել դեպի Ռոդոսի Տրիանտոն շրջան՝ ստուգման համար։

Թուրքական նավի կապիտանը չի ենթարկվել հրամանին ու ձայնային ազդանշաններին, արդյունքւոմ բացվել է նախազգուշական կրակ, նավը կանգնեցնելու համար։ «ԱՍՏ» նավը շարունակել է նավարկությունը ու մտել թուրքական տարածքային ջրեր, մինչդեռ առափնյա պաշտպանության նավը մնացել է սահմանի վրա, ասել են մամուլի ծառայությունից։

Պատահարի մասին տեղեկացրել են Թուրքիայի իրավասու մարմիններին։