ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից Վրաստանի քաղաքացի, բայց հայկական վարորդական իրավունք ունեցող անձանց տուգանելու դեպքի վեաբերյալ:
Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էգդար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է. «1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ՀՀ իրավասու մարմինների կողմից հատկացված ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու նպատակով ոչ մի խոչընդոտ չեն ներկայացնում:
Վրաստանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության քաղաքացիների կողմից այլ երկրի վարորդական վկայականով տվյալ երկրի տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ»:
Հիշեցնենք, որ Վրաստանում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները նախօրեին տուգանել էին Վրաստանի քաղաքացի, սակայն հայկական վարորդական իրավունք ունեցող 20 վարորդի 500 լարիի չափով:





























