Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունները խորը տարաձայնությունների բացահայտեցին Բեռլինի եւ Անկարայի միջեւ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Երկկողմ բանակցությունները ցույց տվեցին, որ մենք խորը տարաձայնություններ ունենք»,- ասել է կանցլերը:

Նա, միաժամանակ, նշել է, որ «Թուրքիան եւ անձամբ նախագահ Էրդողանն ակտիվ մասնակցություն են ունեցել գագաթնաժողովին»: «Մենք գնահատեցինք ջանքերը, որոնք Թուրքիան գործադրում է փախստականների, միգրացիայի հարցում»,- հավելեց նա:

Անցյալ տարի Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացան Բունդեսթագի ընդունած բանաձեւի պատճառով, որն Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունը Ցեղասպանություն է կոչում: Անկարան կտրուկ արձագանքեց, երբ գերմանական կենտրոնական հեռուստաալիքով հաղորդավարն Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծություն կարդաց:

2017 թվականին էլ երկու երկրների հարաբերությունները բարդացան երկու գործոնի պատճառով: Թուրքիայում բանտարկվել է գերմանական Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելը, որին մեղադրում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ: Բացի այդ, Անկարան գերմանացի խորհրդարանականներին թույլ չտվեց Ինջիրլիք ավիաբազա այցելել՝ ի պատասխան գերմանացի զինծառայողներին Թուրքիայից Հորդանան տեղափոխելու մասին Անկարայի որոշման: