Հայաստանում 24 հազար հուշարձան կա, որոնց պահպանումը հսկայական ներդրումներ ու ջանքեր է պահանջում։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Սակայն նրա խոսքով՝ նման հուշարձանների պահպանության համար միայն ֆինանսական միջոցները բավարար չեն։ «Այնպիսի օրենսդրական նորմեր են անհրաժեշտ, որոնց միջոցով տվյալ խնդիրը կդյուրացվի»,-հստակեցրեց նախարարի տեղակալը։

Պողոսյանը նշեց, որ Հայաստանն այնպիսի մշակութային ժառանգություն պետք է ունենա, որն առաջին հերթին կպահպանվի պետության կողմից՝ զբոսաշրջության համար հնարավորինս հասանելի մնալով։ Նա նկատեց, որ մեծ նշանակություն ունի նաեւ քաղաքական ու միջազգային հարթակներում հայկական մշակութային արժեքները ճիշտ ներկայացնելը։