Գերմանիան ու Թուրքիան բանակցություններ կանցկացնեն կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի շուրջ,հայտնել է AP –ը՝ վկայակոչելով Գերմանիայի բնապաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ստեֆան Գաբրիել Հաուֆին։

Նրա խոսքով հարցն այն է, արդյոք Թուրքիան կկարողանա գումար ստանալ կլիմայի հարցերով Կանաչ հիմնադրամից, որը օգնում է երկրներին կրճատել արտանետումներն ու ադապտացվել կլիմայի փոփոխություններին։

G20 –ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան այն 19 երկրներից էր, որոնք իրենց հանձնառությունն են հաստատել Փարիզյան համաձայնագրին։ Սակայն ավելի ուշ նախագահ Էրդողանը հայտնել է, որ Անկարան չի վավերացնի համաձայնագիրը «քանի դեռ չեն կատարել մեզ տրված խոստումները» ։ Նրա խոսքով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել էր, որ Թուրքիան չի դիտարկվելու որպես արդյունաբերական տեսակետից զարգացած երկիր։