Օրերս աշխատանքից ազատվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը: Նրան աշխատանքից ազատելու վարչապետի որոշման պատճառը հասարակությանն անհայտ է: Որոշ տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանն ազատվել է աշխատանքից Արարատում Հովիկ Աբրահամյանի «մարդը լինելու» համար: Ասվում է նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը լուրն իմացել է պաշտոնական այցով Սիրիայում գտնվելու ժամանակ ու այնտեղից փորձել է «փրկել» իրավիճակը՝ զանգահարելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն ոչինչ չի ստացվել: Ի դեպ, վերջերս մարզում փոխվել է նաեւ հարկային տեսչության պետը, ինչը կրկին կապվում է Արարատի մարզն «ապահովիկացնելու», Հովիկ Աբրահամյանի մարդկանց մարզում էական լծակներից զրկելու հետ: Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ մեկնել էր հարազատ մարզ՝ Արարատ, «Տերյանական օրեր» միջոցառման շրջանակում: Թերթը զրուցել է  Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ (Լոնդիկ), ով արդեն նաեւ ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարն է:

Պարոն Բարսեղյան, ինչո՞վ է պայմանավորված մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հեռացումը պաշտոնից:

Դուք գիտեք, որ վարչապետի որոշումով նշանակվում ա, վարչապետի որոշումով ա ազատվում: Կարող եք կառավարությանն էդ հարցը տալ:

Արդյոք այդ պաշտոնանկությունը կապ ունի՞, որ նա, ասում են, եղել է Հովիկ Աբրահամյանի մարդը:

Չէ, ես էդպիսի բաներ չգիտեմ, ու աշխատակազմի ղեկավարներին նշանակում է վարչապետը: Խնդրում եմ էդպիսի հարցերն ինձ մի ուղղեք:

Նաեւ մարզի հարկայինի պետին են, չէ՞, փոխել:

Այդ աշխատանքը մարզպետը չի համակարգում: Ես անում եմ այն, ինչ-որ պարտավոր եմ անել, հարկային, մաքսային ծառայությունները ղեկավարվում են իրենց նախարարների կողմից:

Ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ ինչպե՞ս են:

Շատ ջերմ եւ լավ: Շատ ջերմ ե՜ւ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, ե՜ւ Ալիկ Սարգսյանի նկատմամբ:

Դուք նաեւ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն եք դարձել, արդեն գիտե՞ք Ձեզնից որքան ձայն է պահանջվելու, որքան ձայն պետք է ապահովեք Հանրապետականի համար:

Դեռ 1,5 տարի կա, վաղ է այդ խոսակցությունների հարցը քննարկելու համար: Պահանջելը ո՞րն է, ով որքան կարողանա, ձայն կստանա, ձեւն էդպես չի: Ով որքան աշխատի, նախընտրական քարոզարշավ անի: Ես նոր ծանոթացել եմ կուսակցության տեղի ղեկավարների հետ:

ԲՀԿ-ի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են մարզում:

Նորմալ:

Ասում են՝ ԲՀԿ-ն բավական ակտիվ է այդտեղ:

Դա իրենց գործն Է: Նորմալ են հարաբերությունները: Ունենք համայնքի ղեկավարներ ԲՀԿ-ից, քաղաքապետ ունենք, ահագին գյուղապետեր ունենք, նորմալ աշխատում ենք էդ մարդկանց հետ: