Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Աբխազիայում ռուս զբոսաշրջիկի վրա հարձակման եւ սպանության մասին: «ԿՊ-ն Հյուսիսային Կովկասում» պարբերականը հայտնում է, որ սպանվածը 33-ամյա մոսկվացի Անդրեյ Կաբանովն է:

Ակտիվ հանգստի սիրահար Անդրեյը կնոջ եւ 2 երեխաների հետ, որոնցից կրտսերը ընդամենը 2 տարեկան է, Աբխազիա է մեկնել: Ընկերոջ` Նիկոլայ Չիժիկովի ընտանիքի հետ նրանք իջեւանել են Գուդաուտայում: Ծովում լողացել են, ապա Աապստա գետում ձկնորսության մեկնել: Սակայն տեղի է ունեցել անկանխատեսելին: Ընտանիքի վրա կողոպտիչներ են հարձակվել:

«Նկարագրությունների համաձայն` նրանք ինչ-որ անօթեւաններ կամ թափառականներ են եղել պատառոտված հագուստներով,- ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմեդ Կիլբան: - Դեմքերին աչքերի տեղում անցքերով գլխարկ են դրել: Նրանց մեկի ձեռքին ինքնաշեն կարճափող հրացան է եղել, մյուսի` դանակ: Նրանցից փող են պահանջել եւ արժեքավոր իրեր: Ինչ-որ Պահի Անդրեյ Կաբանովը փորձել է դիմադրություն ցույց տալ, հարվածել է կողոպտիչներից մեկին, սակայն մյուսը դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին»:

Թողնելով արյունահոսող Անդրեյ Կաբանովին` նրանք պատանդ են վերցրել նրա կնոջը 11 եւ 2 տարեկան երեխաների հետ, ինչպես նաեւ Անդրեյի ընկեր Նիկոլայի կնոջն ու 15 եւ 10 տարեկան երեխաներին, եւ նրանց անտառ են տարել, իսկ Նիկոլային ուղարկել են փող գտնելու` սպառնալով, որ եթե չգտնի, բոլորին կսպանեն: Տղամարդը հեռանալով` անմիջապես դիմել է մի անցորդի օգնությանը: Նրանք ոստիկանություն են կանչել: Սակայն մինչեւ ոստիկանության գալը կողոպտիչները, վատ բան զգալով,  երկու ընտանիքներին բաց են թողել եւ փախուստի են դիմել: Շտապ օգնությունը եւս բավականին ուշ է ժամանել, եւ բժիշկները չեն կարողացել Անդրեյին փրկել:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան չեղարկել է իր այցն Ադիգեյ եւ ժամանել է զբոսաշրջիկների վրա հարձակվելու վայր: Միաժամանակ Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատնից պարբերականին հայտնել են, որ Աբխազիա այցելող բոլոր ռուսաստանցի զբոսաշրջիկներին զգուշացնում են վերջին շրջանում երկրում քրեածին իրավիճակի սրման մասին:

Աբխազիայի Գուդաուտայի շրջանում ռուսաստանցի զբսաշրջիկների վրա ավազակային հարձակումը եւ նրանցից մեկի սպանությունը կատարած անձանց գտնվելու վայրի մասին հավաստի տեղեկություն հաղորդելու համար Աբխազիայի ՆԳՆ-ն հայտարարել է 1 մլն ռուբլու պարգեւատրման մասին: