Ռուսաստանը ստիպված կլինի ավելացնել իր ատոմային զինված ուժերը, եթե ԱՄՆ-ը չվավերացնի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը CNN-ի հաղորդավար Լարի Քինգին տված հարցազրույցում:

«Դա մեր ընտրությունը չէ: Մենք չենք ուզում, որ նման բան լինի: Բայց դա մեր կողմից սպառնալիք չէ: Ուղղակի ասում ենք, որ դա կլինի, եթե չգանք համաձայնության»,- հայտարարել է Պուտինը:

Պուտինը նկատել է, որ կամ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգան համաձայնության, կամ «կսկսվի սպառազինությունների նոր մրցավազք»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները 2010թ. ապրիլին ստորագրել են ՌՀՍ կրճատման պայմանագիրը: Պայմանագրով ենթադրվում է կրճատել ատոմային մարտագլխիկների քանակը մինչեւ 1500-1675-ի, իսկ հրթիռների թիվը՝ մինչեւ 500-1100 միավորի: