2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները հաստատելու մասին կառավարության որոշումը։ Դրանով դեղարտադրող հայկական ընկերությունները պարտավորվում են ներդնել եվրոպական GMP ստանդարտներ։ Արդեն 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանից արտահանվող բոլոր դեղամիջոցները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին։ Նշենք, որ ԱՊՀ որոշ շուկաներ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, 2014 թվականից բաց կլինեն միայն GMP ստանդարտներին համապատասխանող դեղերի համար։ Գործնականում, առանց այդ ստանդարտները կիրառելու, հնարավոր չէ Հայաստանում զարգացնել դեղագործությունը։ Նշենք, որ արտադրվող դեղերի մոտ 40 տոկոսը արտահանվում է, իսկ այն շուկաների թիվը, որոնք առանց GMP ստանդարտների դեղ են ընդունում, աստիճանաբար կրճատվում է։
Սակայն հայկական դեղագործական կազմակերպությունները որոշել են դիմել կառավարությանը՝ GMP ստանդարտների ներդրման աշխատանքները 1 տարով հետաձգելու համար, այն պատճառաբանությամբ, որ չեն հասցնում։ Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայյտարարություն կատարեց Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը:
«Մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում հաստատվեց Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները հաստատելու մասին որոշման նախագիծը, որը պետք է ուժի մեջ մտնի 2012 թվականի հունվարի մեկից: Սակայն այսօր պաշտոնապես նամակ ենք ուղել կառավարություն, էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարություն ՝ առաջարկելով GMP ստանդարտների ներդման գործընացը երկարացնել եւս մեկ տարով»,- նշեց նա:
Նրա փոխանցմամբ, Հայաստանում գործող ոչ բոլոր դեղարտադրողները սահմանված ժամկետում կհասցնեն լիովին ներդնել GMP ստանդարտները եւ իրենց հետագա արտադրությունը շարունակել դրանց համապատասխան։
USAID/CAPS ծրագրի դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցը, կարեւորելով Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման գործընթացը, նշեց, որ համակարգը հետագայում հնարավորություն է տալու GMP սերտիֆիկատ ունեցող տեղական արտադրողին իր արտադրանքն առանց արգելքների արտահանել:
«Ջի էքս Փի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը նշեց, որ ժամանակի երկարաձգումն արվում է միայն շուկան զարգացնելու եւ տեղական արտադրանքը խթանելու համար:
«GMP ստանդարտի ներդրման հիմնական նպատակը որակյալ արտադրանք ստանալն է, որը, վստահություն ձեռք բերելով եւ մրցունակ լինելով տեղական շուկայում, պահանջարկ կունենա նաեւ արտասահմանյան դեղերի շուկայում»,- ասաց Արամ Ղազարյանը:
Իսկ ինչպե՞ս GMP ստանդարտի ներդրումը կանդրադառնա շուկայում դեղերի գնի վրա:
Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը տեղեկացրեց , որ ԴԱՆ միության 17 անդամներ եկել են ընդհանուր համաձայնության , որպեսզի փոփոխությունները հնարավորինս չազդեն դեղերի գների վրա:
«Մեր նպատակն առողջ ազգ եւ առողջ տնտեսություն ունենալն է, ոչ թե բիզնեսի զարգացում: Հետեւաբար վիճակը վերահսկելով՝ կանենք ամեն հնարավորը, որպեսզի գնային առումով սպառողը չտուժի »,- նշեց Սամվել Զաքարյանը:





























