Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին հարձակման ենթարկվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՀՀ երկու քաղաքացիները շարունակում են մնալ Կահիրեի հիվանդանոցում: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է, շարունակում են անցնել բուժման կուրս:
Նշենք, որ հուլիսի 15-ին նրանք ուղղաթիռով տեղափոխել էին Կահիրե։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք կանանցից մեկին վիրահատել են, ինչը բարեհաջող է անցել։ Մյուսը թեթեւ վնասվածքներ էր ստացել։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետեւանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորում են ստացել։



























