Թեեւ տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքականություն է վարվում, սակայն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում տնտեսական վիճակն այդքան էլ ուրախ վիճակում չէ։ Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Առանձնացնելով հատկապես գնաճի երեւույթը՝ նա նշեց, որ այն ցանկացած, մանավանդ Հայաստանի նման փոքր երկրների վրա բավական բացասական անդրադարձ է ունենում։

«Գնաճն ինքն իրենով վատ երեւույթ է ցանկացած հասարակության համար։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունն ամենալավ գործիքաշարն է օգտագործում գնաճի զսպման կամ այն  մեղմելու ուղղությամբ։ Բոլորին է հայտնի, որ մեր երկրում գնաճը գերազանցում է 9 տոկոսը։ Դա այն  պարագայում, երբ առկա է եկամուտների բավականին ցածր մակարդակ, մենաշնորհային շուկա, ներմուծման մեծ ծավալներ»,- նկատեց ԲՀԿ պատգամավորը:

Անդրադառնալով պետության վարած դրամավարկային քաղաքականությանը՝ Բոստանջյանը նշեց, որ ֆինանսական ակտիվների շուրջ 92 տոկոսը կառավարվում է մեկ կետից։ «Դա, իհարկե, Կենտրոնական բանկն է։ Սա եւս ստեղծում է որոշակի բացասական մոտեցումներ ֆինանսական համակարգի առողջացման, դրա կայացման համար։ Ինչ վերաբերում է դրամ-դոլար փոխարժեքին, իհարկե կանխատեսումներ չեմ կարող անել։ Նման բան կարող են անել բացառապես նրանք, ովքեր արդեն գիտեն այդ սցենարների մասին»,- ամփոփեց Վարդան Բոստանջյանը։