Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 4-6-ը գտնվելու է Սալոնիկում (Հունաստան), որտեղ մասնակցելու է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների նիստին:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին քննարկվելու են բանկի 2011-2014 թթ. միջինժամկետ ռազմավարության եւ բիզնես պլանի, բանկի կառավարիչների խորհրդի ընթացակարգերի փոփոխության, բանկի վարքի կոդեքսի վերանայման, ինչպես նաեւ այլ հարցերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա եւ իր գործունեությունը սկսել 1999 թ.-ից՝ որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%:
Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը եւ նրանց միջեւ տարածաշրջանային համագործակցությունը՝ գլխավորապես մասնավոր եւ պետական հատվածի ֆինանսավորման միջոցով:
Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծեր՝ 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար:
Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004 թ.-ից: 2004-2010 թթ. ընթացքում ՀՀ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 եւ առեւտրային 1 կազմակերպություններին տրամադրվել են վարկեր (վարկային գծեր, առեւտրային վարկեր) 73 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բանկերին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը եւ առեւտրի ֆինանսավորմանը, իսկ արտադրական եւ առեւտրային կազմակերպություններին տրամադրված վարկերը՝ բիզնեսի ընդլայնմանը եւ վերակառուցմանը:
Բանկի կողմից ՀՀ կազմակերպություններին տրամադրված վարկերի մնացորդը 31.12.09 դրությամբ կազմել է 54.2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է Բանկի վարկային պորտֆելի 6 տոկոսը:





























