Այսօր` դեկտեմբերի 2-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարություններ է տվել պետեկամուտների կոմիտեին:
«Բրյուսել այցելությունից հետո մենք ակտիվ աշխատանք ենք տարել Եվրամիության, Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ այն երկրների հետ, ում հետ ունենք ազատ առեւտրի պայմանագրեր։ Խնդիրն այն է, որ մենք պետք է Հայաստանում ապահովենք մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, եւ այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեին տրվի հստակ հանձնարարական, թե հունվարի 1-ից ինչպես են կիրառվելու Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները եւ նաեւ երկկողմանի ազատ առեւտրի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններն ու համաձայնությունները, որոնք, Հայաստանի օրենսդրության պահանջներին համապատասխան, գերակայում են մեր ազգային օրենսդրության նկատմամբ»,- նշել է վարչապետը։
Ըստ Սարգսյանի՝ որպեսզի օրենսդրության տարընթերցումներ չլինեն, Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է, որ ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման պարագայում մաքսային արժեքից դրույքաչափերը չպետք է գերազանցեն 15 տոկոսը, ինչը ԱՀԿ-ի կանոնն է, եւ Հայաստանը պարտավոր է այս կանոնը ապահովել հունվարի 1-ից, որովհետեւ լինում են դեպքեր, երբ այդ դրույքաչափը կարող էր լինել 17, 18 տոկոս եւ այլն։
«Երկրորդ հանձնարարականը վերաբերում է երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրերին։ Խոսքն ալկոհոլային խմիչքների մասին է։ Մենք պարտավոր ենք նույնպես ապահովել ազատ առեւտրի համաձայնագրերով ստանձնված պարտավորություններն ալկոհոլային խմիչքների ներմուծման գծով, եւ համապատասխան հանձնարարականը տրվում է Պետական եկամուտների կոմիտեին, որ առաջնորդվեն եւ նախապատվությունը տան ազատ առեւտրի համաձայնագրերին։ Կատարելով մեր այդ միջազգային պարտավորությունները` մենք կատարում ենք նաեւ մեր պարտավորությունը Եվրամիության հանդեպ, ինչը նշանակում է, որ այն համաձայնագրերը, որ մենք կնքել ենք Եվրամիության հետ, այդ թվում նաեւ` վարկային, գրանտային օժանդակության համաձայնագրերը կմտնեն ուժի մեջ, եւ մենք որպես պետություն երաշխավորում ենք, որ հունվարի 1-ից այս ռեժիմները կիրառվելու են Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է վարչապետը։




























