Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին միջպետական խորհրդակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 3-ին` Սոչիում:
Ռուս-իտալական հանդիպումը կայանալու է լեռնադահուկային «Կրասնայա Պոլյանա» առողջարանում: Խորհրդակցություններին կմասնակցեն արտգործնախարարները, պաշտպանության, արդյունաբերության, էներգետիկայի, կապի նախարարները:
Ընդլայնված խորհրդակցությունների տվյալ փուլը կդառնա 7-րդը: Նրանք քննարկելու են Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովի արդյունքները, կայանալիք Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովը, հանդիպումները ԵԱՀԿ-ում, իրավիճակն Աֆղանստանում, նաեւ իրանական ատոմային ծրագիրը:
Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է The Guardian-ը, Բեռլուսկոնին թռչում է Սոչի, որտեղ չնախատեսված հանդիպում է անցկացնելու վարչապետ Պուտինի հետ:
Իտալիայի վարչապետի ծրագրերի փոփոխության մասին հայտնի է դարձել Wikileaks-ի հրապարակումներից անմիջապես անց:
Բեռլուսկոնին պետք է մասնակցեր երկօրյա ռուս-իտալական գագաթաժողովին, որտեղ պիտի ընթրեր Դմիտրի Մեդվեդեւի հետ: ANSA գործակալության տվյալներով, Պուտինը եւս կայցելի Սոչի:




























