ՀՀ Վարչական դատարանի որոշմանը չսպասելով՝ ԴԱՀԿ-ն որոշում է կայացրել վտարել մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Անժելա Բալյանը, պատմեց, որ տարիներ առաջ իր եղբայրը բանկից վարկ է վերցրել, իսկ որպես գրավ՝ դրվել է իր բնակարանը: Այս տարվա ապրիլին, Անժելա Բալյանի պատմելով, իրեն է զանգահարել Իշխան Միրզոյանը, որը Մխիթար Բալյանի՝ վարկ վերցնելու ժամանակ երաշխավոր է եղել, հայտնել է, թե գնել է աճուրդի դրված իր բնակարանն ու պահանջել ազատել այն:
«Առանց մեզ տեղյակ պահելու՝ մեր բնակարանը ԴԱՀԿ որոշմամբ վաճառվել է, ընդ որում ԴԱՀԿ-ն վտարումը կասեցնելու որոշում է կայացրել մինչեւ վարչական դատարանի կողմից որոշման կայացումը, սակայն այդ ընթացքում նաեւ գաղտնի նոր որոշում է կայացրել ու վաճառել բնակարանը»,- ասաց նա:
Անժելա Բալյանը մանրամասնես, որ Իշխան Միրզոյանի զանգից անմիջապես հետո իրենք դիմել են Վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրենց անշարժ գույքի իրացման վերաբերյալ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, հետեւաբար նաեւ անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը, հաջորդ օրն արդեն Գ.Հովհաննիսյանը որոշում է կայացրել կատարողական վարույթն ընդունել վարույթ եւ ընտանիքին հուլիսի 6-ին վտարել տնից. «Երկու օր անց Վարչական դատարանը որոշում է կայացրել մեր հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, եւ հիմնավորել է, որ մենք ներկայացրել ենք վիճարկման հայց եւ միաժամանակ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի համաձայն` Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:
Ընտանիքի մայրը նշեց, որ հունիսի 23-ի որոշումից հետո ինքը դիմել է ԴԱՀԿ եւ հունիսի 28-ին որոշում է կայացվել կասեցնել բնակարանը հարկադիր վտարելու մասին որոշումը:
«Մենք հանգիստ սպասում էինք Վարչականի հաջորդ նիստին, որը նշանակված է սեպտեմբերին, սակայն հուլիսի վերջին ծանուցում ենք ստանում, թե օգոստոսի 7-ին պետք է ազատենք բնակարանը: Ես իմ թոռնիկների հետ ո՞ւր գնամ, ապրելու տեղ չունենք: Առանց Վարչական դատարանի որոշման՝ ԴԱՀԿ-ն որոշում է կայացրել մեզ հանել տնից»,- նշեց Անժելա Բալյանը:
Նշենք, որ Անժելա Բալյանը բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին եւ պատկան մարմիններին՝ խնդրելով կատարվածի վերաբերյալ հարուցել քրեական գործ եւ արգելել ԴԱՀԿ ծառայությանը վտարելու իրեն եւ ընտանիքին Երեւանի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից:
ԴԱՀԿ ծառայության մամուլի բաժնից NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, վստահեցրին, որ որեւէ անօրինական որոշում իրենք չեն կայացրել:
«Վտարման կատարողական գործողություններ կատարելու մասին որոշումը կայացվել է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածի, այն է՝ «Հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով: Վիճարկման հայցի հիման վրա կասեցված վտարման կատարողական գործողությունների՝ հարկադիր կատարողի կողմից վերսկսման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի կողմից 26.06.2017թ. կայացված «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկումը մերժելու մասին» որոշումը: Սույն որոշմամբ դատարանը մերժել է Անժելա Բալյանի և Հրաչյա Սահակյանի՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին և վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունները՝ մասնավորապես նշելով նաև. «Միաժամանակ սույն վարչական գործով հիմնական պահանջով վիճարկման առարկա չհանդիսացող վարչական ակտի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը ենթակա չէ կիրառման»»,- հայտնեցին ԴԱՀԿ-ից:
Նրանց փոխանցմամբ, հուլիսի 11-ին իրենց է դիմել Իշխան Միրզոյանն ու հայտնել հունիսի 26-ի դատարանի որոշման մասին, ինչի հիման վրա էլ իրենք որոշում են կայացրել վտարելու մասին: Անժելա Բալյանը պնդեց, որ ԴԱՀԿ-ն ստում է:
«Հունիսի 26-ին վարույթ ընդունելու մասին որոշումն է եղել եւ հայցի ապահովումը մերժելու մասին որոշումը: Այս որոշումն արդեն իսկ նախատեսում է վարույթի կասեցում, ես հայցի ապահովում էի միջնորդել, որ պատասխանողի գործողությունների վրա կալանքի դրվի եւ ինձ չվտարեն, դատարանն էլ մերժել է այդ միջնորդությունը՝ հայտարարելով, որ վարույթ ընդունելն արդեն իսկ կասեցում է նախատեսում: Ես դրանից հետո դիմել եմ ԴԱՀԿ, որտեղից էլ կասեցրել են վտարումը: Մենք հանգիստ էինք, բայց 20 օր անց մեզ ասում են, թե օգոստոսի 7-ին պետք է ազատեք բնակարանը»,- ասաց Անժելա Բալյանը:
Նա վերջում նշեց, որ հույս ունի՝ պատկան մարմինները նման ապօրինություն թույլ չեն տա եւ կսպասեն Վարչական դատարանի որոշմանը:



























