«Սասնա ծռերի» գործով դատական նիստը համարվում է դռնբաց, բայց նիստն այնպիսի պայմաններում է անցկացվում, որ կարելի է համարել կիսադռնփակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Դատական նիստին ներկա գտնվել եմ ու տպավորություն եմ ստացել, որ այն կիսադռնփակ է։ Նիստերը համարվում են դռնբաց, բայց ապակե պատնեշի հետեւից են մարդիկ հետեւում, ինչը թույլ չի տալիս լսել դատական նիստի ընթացքը։ Դատարանի շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են, նրանց թիվն ավելին է, քան լրագրողներինն ու փաստաբաններինը։ Երբ մուտք ես գործում դատարան, բավական խիստ զննություն է կատարվում, դատարան մտնողների անձնական տվյալները լրացնում են, սա մարդկանց հետեւելու հոգեբական մեթոդ է, ի՞նչ է նշանակում լրացնել անուն ազգանունը, ես առաջին անգամ եմ նման բան տեսնում»,- ասաց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանը վատ տպավորություն է ստացել նաեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանի պահվածքից։

«Դատավորի պահվածքն այնպիսին է, որ ակամայից չես կարողանում հարգանք ունենալ։ Մի խոսքով՝ անձնական տպավորոթյունս է, որ հերթական անգամ դատարանում էլ ուզում են կոտրել ե՛ւ ամբաստանյալների, ե՛ւ փաստաբանների կամքը»,- հավելեց Ավետիք Իշխանյանը։