Շիրակի մարզի ըհդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գյումրիի դպրոցներից մեկի բակում անցած տարվա հոկտեմբերին անչափահասին դանակահարելու գործով դատաքննությունը:

NEWS.am-ին ամբաստանյալ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալլադդինի պաշտպան Արտակ Քոչարյանը հայտնեց, որ այժմ հարցաքննվում են գործով վկաները:

«Վկաները երկու կողմի ընկերներն են: Դեռեւս չեն հարցաքննվել իմ պաշտպանյալն ու տուժողը»,- ասաց պաշտպանը:

Արտակ Քոչարյանը նշեց, որ Ալլադինը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ Քոչարյանի՝ իր պաշտպանյալն ընդունում է, որ դանակահարել է, սակայն պնդում է, որ դիտավորություն չի ունեցել: Հարցին՝ հնարավոր է մեղադրանքը վերաորակելու միջնորդություն ներկայացվի, պաշտպանը նշեց, որ դա պարզ կլինի դատաքննության ընթացքում միայն:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալադդինը Գյումրիի բնակիչ Դավիթին ծաղրելու հարցի շուրջ վերջինիս առաջարկով նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերների հետ 2016թ. հոկտեմբերի 16-ին թիվ 19 ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթին և նրա ընկերներին: Նրանց միջեւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչի ընթացքում Տիգրանը մետաղյա խողովակով 2 անգամ հարվածել է Ալադդինին, իսկ նա Տիգրանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է կրծքավանդակի հետին մասին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ալադդինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում անչափահաս երեխա է դանակահարվել: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանություն էր եղել 14 տարեկան երեխաների միջեւ, վեճն ավարտվել էր դանակահարությամբ: