Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման դեպքում ռուսական շուկան հայ արտահանողի համար ընդլայնվելու է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նշենք, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ կրկին տնտեսական սանկցիաներ է կիրառել։ Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ այդ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա, բայց, միաժամանակ, դրանք կարող են հայ արտահանողի համար ընդլայնել ռուսական շուկան։

«Բնականաբար այդ պատժամիջոցները բացասական կանդրադառնան նաեւ Հայաստանի տնտեսության վրա, դրանք ռուսական  ռուբլու վրա իրենց ազդեցությունը կունենան, որը շղթայական խնդիրներ կառաջացնի մեզ համար։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք մեր համագործակցությունը այն երկրների հետ, որոնք սանկցիաների տակ են հայտնվում»,–նշել է պատգամավորը։

Իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաների դեպքում Հայաստանից ռուսական շուկա արտահանման ծավալները մեծանալու են։

«Համենայնդեպս այդ սանկցիաների պարագայում Ռուսաստանում մեր արտահանման շուկան ավելի է ընդլայնվում,  հիմա 21–22 տոկոս է կազմում, յուրաքանչյուր բացասական երեւույթ կարող է տնտեսության վրա նաեւ դրական ազդել, կարծում եմ, որ այս դեպքում դա կլինի արտահանման մասով»,–ասել է Վահրամ Բաղդասարյանը։