ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օգոստոսի 5-ի մահվան ելքով դանակահարությունից: NEWS.am-ը ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Արտակի Եգանյանը` ծնված 1990թ., ով հիվանդանոցում մահացել է: Նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել եւս երկու տղամարդ՝ տուժածի հայրը՝ Արտակ Եգանյանը, եւ Հ. Գուլանյանը՝ ծնված 1978թ.։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա Ա.Եգանյանը հոր հետ միասին 2017թ. օգոստոսի 5-ին մասնակցել է հարեւանի հուղարկավորությանը, ապա նաեւ՝ ննջեցյալի հիշատակին նվիրված հոգեհացին։ Արարողության ավարտից հետո առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ 27-ամյա երիտասարդին դանակի գործադրմամբ պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը։
Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է:



























