Կրեմլը օգոստոսի 7-ին պաշտոնական կայքում հրապարակել է Հարավային Սիբիրում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճամփորդության մասին տեսագրության ամբողջական տարբերակը, որը պարունակում է նոր հետաքրքիր մանրամասներ նրա ուղեւորության մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նյութերը հրապարակվել են այդ ճամփորդության հանդեպ մեծ հետաքրքրության պատճառով։

Կայքում հրապարակվել է 35 լուսանկար՝ նախագահի արձակուրդի վերաբերյալ, նաեւ 46 րոպեանոց տեսագրություն ու դրա կրճատ տարբերակը՝ մոտ վեց րոպե տեւողությամբ։ Այնուամենայնիվ որոշ մանրամասներ մնացել են չպարզաբանված, օրինակ թե ինչի համար էր անհրաժեշտ այն ճյուղը, որը Վլադիմիր Պուտինը պահում էր  իր բաճկոնի գրպանում։

Ռուսաստանի նախագահը օգոստոսի 3-ին ու 4-ին այցելել էր Հեռավոր Արեւելք, իսկ ճանապարհին երկու օր անցկացրել Սիբիրում, որտեղ զբաղվել է ստորջրյա որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը երկու ժամ «հետապնդել է գայլաձկանը» լեռնային լճում։ Ստորջրյա ձկնորսությունը տեսագրվել է էքշն տեսախցիկով։