Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որի վրա Արմավիր կատարած այցի ժամանակ բարկացել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, խուսափում է լրագրողներից:
NEWS.am-ի թղթակիցն այսօր զանգահարել էր քաղաքապետին՝ հետաքրքրվելու, թե արդյոք համաձայն է վարչապետի նկատողության հետ: Ռուբեն Խլղաթյանը, սակայն, լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում, միանգամից անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն Արմավիրում խորհրդակցության ժամանակ բարկացել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վրա: Կարեն Կարապետյանը բավականին կոպիտ է խոսել քաղաքապետի հետ, երբ վերջինս չի կարողացել հավուր պատշաճի ներկայացնել քաղաքի աղբահանության խնդիրը, ինչպես նաեւ այն, թե ինչքան գումար եւ ժամանակ է հարկավոր ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբահանություն իրականացնելու համար:
«Աղբահանության, սանմաքրման խնդիրները, ինչ եք կարծում, կարեւո՞ր են քաղաքապետի համար: Ձեր քաղաքացիներն ակնկալո՞ւմ են դա ձեզանից: Այդ գործառույթը կատարելու համար երեք-չորս թիվ է ձեզնից պետք, որը դուք պետք է անգիր հիշեք: Եթե թվերը չեք հիշում, պրոբլեմն էլ համապատասխան ձեւով եք լուծում: Եթե հաշվարկ չունեք, ո՞նց եք էդ նպատակին հասնելու... բա ես ումի՞ց հարցնեմ, ասա՝ էդ մարդուց հարցնեմ, եթե Արմավիրի քաղաքապետը դու ես, Քո գործառույթի մեջ ա էդ քաղաքի մաքրությունն ապահովեք: Ձեզ ժողովուրդն ընտրել ա, որ կենցաղային պայմաններ ապահովեք, դա ձեր գործառույթն ա, ժողովուրդն ա ձեզ նման հանձնարարություն տվել: Չորրորդ զախոդից օդից թիվ ես կրակում»,- ասել էր Կարեն Կարապետյանը:




























