«Վրացական երկաթուղի» պետական ընկերության աշխատակիցների մի մասը վարչակազմին մեղադրում է աշխատանքային իրավունքները խախտելու մեջ եւ սպառնում հացադուլ անել, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Նրանց դժգոհության պատճառը մի քանի աշխատակցի աշխատանքից հեռացնելու որոշումն է։

«Վրացական երկաթուղայինների նոր արհմիության» տեղեկության համաձայն՝ Կախեթիում բնակվող ընկերության երկու աշխատակիցների՝ Վախթանգ Ցիսկարիշվիլիին եւ Ակակի Չարելիշվիլիին, որոնք աշխատել են տեղի մասնաճյուղում, հայտնել են, որ պետք է աշխատանքը շարունակեն մայրաքաղաքում։ Աշխատակիցները մերժել են առաջարկը, որից հետո նրանց աշխատանքից հեռացնելու որոշում են կայացրել։

«Ցավոք՝ վարչակազմը չի ցանկանում երկխոսություն սկսել։ Մենք նրանց մի քանի անգամ նամակ ենք գրել, սակայն պատասխան չենք ստացել։ Շաբաթվա ընթացքում մենք փորձեցինք կապվել ղեկավարության հետ, սակայն ապարդյուն։ Դա արդեն տագնապալի միտում է։ Այդ պատճառով աշխատանքից հեռացված աշխատակիցները որոշել են հացադուլի դիմել»,- հայտարարել է արհիմիության նախագահ Վիտալի Գիորգաձեն։