Հավանայում աշխատող ամերիկացի դիվանագետները «ձայնային հարձակման» զոհ են դարձել։ Դրա հետեւանքով նրանցից շատերի մոտ լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել եւ նրանք լքել են երկիրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն երկրից արտաքսել է կուբացի երկու դիվանագետների, հաղորդում է «Ազատության ռադիո»-ն։
Աղբյուրների համաձայն՝ 2016 թվականի աշնանը դեսպանատան մի քանի աշխատակիցների լսողությունը վատթարացել է, գլխացավեր են սկսվել՝ նման ուղեղի ցնցում ստանալու ախտանիշաններին։ Նրանց մի մասը բուժման նպատակով ԱՄՆ է վերադարձել։
Այդ խնդիրների պատճառը բոլորի համար հանելուկ է, սակայն Washington Post-ը գրում է, որ ամերիկացի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ մարդկային ականջի համար անընդունելի, հաճախականությամբ աշխատող ինչ-որ ձայնային սարքավորման զոհ են դարձել։ Դեռ հայտնի չէ, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով է տեղադրել այդ սարքավորումները։
Կուբայի իշխանությունները խնդրի մասին տեղեկացվել են փետրվարին։ Կուբայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ Կուբան մանրակրկիտ հետաքննություն է վարում, որը վերահսկում է երկրի բարձրագույն ղեկավարությունը։ ԱՄՆ-ից կուբացի երկու դիվանագետների արտաքսումը «չարդարացված ակցիա» է անվանվել։




























