Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները խարդախություն կատարելու կասկածանքով Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Խաժակ Հ.-ին:

Նրա մոտ հայտնաբերվել է ԱՄՆ 100 դոլարանոց 9 եւ ՌԴ 5.000 ռուբլանոց 3 թղթադրամ, որոնց վրա առկա գրառումների համաձայն՝ դրանք վճարման միջոց չէին հանդիսանում:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Խաժակ Հ.-ն նույն օրը Երեւանի ռեստորաններից մեկում ուտեստներ եւ խմիչք է պատվիրել՝ վճարելով իր մոտ եղած 100 դոլարանոցներից մեկով, կատարվում է հետաքննություն:

Ի դեպ, դեկտեմբերի 3-ին, ժամը 11.20-ին, Լուսագյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Ա.-ն ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է տվել, որ Երեւանի բնակիչ, 1967 թ. ծնված Ժիրայր Հ.-ն նոյեմբերի սկզբներին իրենից գնել է 2 գառ, խաբեությամբ վճարել 5 հազար ՌԴ ռուբլանոց 2 թղթադրամ եւ որպես մնացորդ ստացել 25 հազար դրամ, սակայն նույն օրը պարզվել է, որ վճարված ռուբլիները հուշանվեր թղթադրամներ են:

Ժիրայր Հ.-ն նոյեմբերի 11-ին,2 գառ է գնել Ապարանի Երնջատափ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արթուր Խ.-ից, խաբեությամբ վճարել 5 հազար ՌԴ ռուբլանոց 2 թղթադրամ եւ որպես վճարի մնացորդ ստացել 13 հազար դրամ գումար, սակայն նույն օրը պարզվել է, որ այդ թղթադրամները հուշանվերներ են: Ժիրայր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: