ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել 2017 թվականի հունիս-հուլիսին Արմավիրի մարզում տեղի ունեցած բազմադրվագ հանցագործությունների` բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաեւ ապօրինի հրազեն կրելու դեպքերի փաստերով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է ՀՀ քաղաքացի Ն. Հ.-ի կողմից իրացնելու նպատակով ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու եւ պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք: Ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Ն. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Այսպես, 2017 թվականի հունիս-հուլիսին Արմավիրի մարզում տեղի ունեցած բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝ Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով 09.08.2017թ.-ին վերջինիս բնակարանում եւ աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել է խոշոր չափերի` ընդհանուր առմամբ 469.5 գրամ դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ:
Փորձագիտական եզրակացության համաձայն` առգրավվածի մի մասը «հաշիշ» եւ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ են:
Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ն. Հ.-ն իրացնելու նպատակով ձեռք է բերել եւ պահել խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնց մի մասն ապօրինի իրացրել է: Նշված հանցավոր արարքի կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:




























