Պարտադիր ավտոապահովագրական պոլիսների վաճառքը սկսելուց անցել է արդեն 1,5 ամիս, իսկ ավտոմեքենաների 90 տոկոսը մնում է չապահովագրված։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքացիները պարզապես չեն կարողանում կողմնորոշվել, թե 8 ապահովագրական ընկերություններից որն է՞ նախընտրելին։ Հեղեղի պես թափվող գովազդի մեջ այդ հարցի պատասխանը չկա։ Այն քաղաքացիները, որոնք ժամանակ կունենան եւ կփորձեն տնտղել այդ ընկերությունների կայքերը՝ նույնպես հուսախաբ կլինեն։ Ընկերությունների կայքէջերը ավելի շատ ինքնագովազդ են պարունակում, քան տեղեկատվություն։
Ակնհայտ է, որ մեր քաղաքացիներին շատ քիչ ժամանակ տվեցին ապահովագրումն իրականացնելու համար։ Օրինակ՝ Ռուսաստանում մարդկանց 6 ամիս տրվեց ընտրություն անելու համար։ Նրանք պարտադիր ավտոապահովագրումը սկսեցին 2003 թ. հուլիսի 1-ից, իսկ տուգանքների կիրառումը՝ 2004 թ. հունվարի 1-ից։ Մեզ մոտ այդ ժամանակահատվածը սեղմված է մինչեւ 2,5 ամսից էլ քիչ, այն դեպքում, որ ապահովագրական շուկան մարդկանց գրեթե անծանոթ էր։ Սա, կարծում ենք, օրենսդրության հիմնական բացերից է ու կազմակերպչական աշխատանքների թերացումը։
Հաջորդ թերությունը վերաբերում է բացատրական աշխատանքներին։ Ենթադրվում էր, որ բացատրական աշխատանքների պատասխանատուն պետք է լինի Կենտրոնական բանկը, որտեղ մշակվել է օրենքը, հաստատվում են օրենքից բխող իրավական ակտերը։ Սակայն ԿԲ քարոզչությունը սահմանափակվում է հետեւյալ մեկ նախադասությունում՝ «եթե չապահովագրվեք, մենք ձեզ կպատժենք»։ Սպառնալիքներից ու շանտաժից այն կողմ ԿԲ-ն այդպես էլ չանցավ։ Մի փոքրիկ լուսավոր կետ հայտնվեց «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիել Խաչատուրովի այցելության ժամանակ։
Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Խաչատուրովը ներկայացրեց այլ փիլիսոփայություն. «մի անհանգստացեք, մենք պատրաստ ենք վճարել»։ Սա հենց այն էր, որ մեր քաղաքացիները այս ամիսների ընթացքում ցանկանում էին լսել՝ ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցում տալու պատրաստակամությունը, ու այդ գործընթացի պարզեցումը։
Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ բոլոր հարցերի պատասխանները տրված են ու այլեւս ընտրության կարիք չկա։ Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մի քանի խորհուրդ տալ այն անձանց, որոնք դեռ չեն կողմնորոշվել ապահովագրական ընկերության ընտրության հարցում։
1. Ցանկալի է, որ գործ ունենաք սերտիֆիկատ ունեցող գործակալի հետ, քանի որ նա ինչ որ չափով տեղյակ է շուկայից ու կարող է մասնագիտական հարցերի պատասխանել։
2. Մասնաճյուղերի լայն ցանցը ապահովագրական ընկերությանը առավելություն է տալիս։ Ուստի հարցրեք՝ քանի՞ մասնաճյուղ ունի ընկերությունը, եւ որտեղ են դրանք գտնվում (չշփոթել վաճառքի կետերի հետ, որոնք հունվարի 1-ից հետո մեծամասամբ փակվելու են)։ Հասանելիությունը շատ կարեւոր է։ Եթե դուք գտնվում եք Մեղրիում, իսկ ապահովագրական ընկերությունը Սյունիքում մասնաճյուղ չունի՝ նրանից օգուտ չկա։ Վթարի ժամանակ շատ կարեւոր է, որ ապահովագրական գործակալը ժամանակին հասնի դեպքի վայր։
3. Խաչատուրովը խորհուրդ էր տալիս ուշադրություն դարձնել ընկերության տարիքին։ Որքան ընկերությունը «հին» է, այնքան պահուստային ֆոնդերը կարող են մեծ լինել։ Սակայն Հայաստանում բոլորն էլ «մանկահասակ են», իսկ խոշոր ընկերության դուստր լինելը դեռ հստակ առավելություն չի տալիս։
4. Որոշ անձինք կարող են նաեւ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ապահովագրական ընկերության կողմից ինչպիսի՞ այլ ծառայություններ են առաջարկվում։ Եթե ապահովագրությունը ձեզ հետագայում եւս պետք կգա, ապա ավելի լավ է ի սկզբանե ընտրել նրան, ում ծառայությունների շրջանակն ավելի լայն է։





























