Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, հույս ունեն, որ «Խոսրովի անտառ»-ում բռնկված հրդեհը կարող են հանգցնել Աստծու աջակցութամբ եւ որպես օգնություն նրա ուղարկած անձրեւի միջոցով։ Այս մասին օգոտսոսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։

Սանասարյանը հիշեցրեց, որ դեռ 1991 թվականի վաղ գարնանը, երբ Իջեւանի անտառներում հրդեհ բռնկվեց, հրշեջները հենց նման հայտարարություն արեցին։ «Դրանից ի վեր ոչինչ չի փոխվել՝ չնայած 30 տարի է անցել։ Ամեն ինչ՝ ինչպես 2016 թվականի ապրիլյան լարվածության ընթացքում, քանի որ պարզվեց, որ այստեղ եւս համապատասխան տեխնիկա չունենք, իսկ ձեռքի տակ եղածն արդեն հին է։ Նրանք կարող էին առաջին իսկ օրը գործի դնել ինքնաթիռները՝ իմանալով տվյալ տեղանքի դժվարամատչելիության մասին։ Նրանք գիտեին, որ տվյալ տեղանքում տեխնիկան գործարկելու հնարավորություն չունեն»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ երեկ 3000 հեկտար անտառ է այրվել։

Բնապահպանի խոսքով՝ անտառի այրված հատվածներն արդեն հազիվ թե հնարավոր կլինի վերականգնել, առավել եւս՝ կարճ ժամկետում։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանում անտառների պահպանության հարցում քաոս է տիրում։