Վրաստանում թուրքական ներդրումները բավականին ծանրակշիռ են, սակայն դա հայկական կողմում լուրջ մտահոգություն չպետք է առաջացնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Սաֆարյանի կարծիքով՝ Թուրքիայի եւ Վրաստանի համագործակցությունը չի հանգեցնի Անկարայից Թբիլիսիի խորը կախվածության: «Այս առումով, երկու երկրների միջեւ ավելի շուտ փոխադարձ կախվածությունն է աճում: Այսինքն՝ Թուրքիան եւս Վրաստանից կախվածության մեջ է հայտնվում: Իհարկե, կա տնտեսական ներդրումների որոշակի նշաձող, որը կարող է հանգեցնել պետական ինքնիշխանության թուլացման, սակայն չեմ կարծում, որ Վրաստանի առջեւ հիմա նման սպառնալիք է ծառացել»,- կարծում է փորձագետը:
Քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան հազիվ թե թույլ տան, որ Վրաստանը Անկարայի ձեռքին խաղալիք դառնա: Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, այս հարցը Հայաստանում եւ Ռուսաստանում արհեստականորեն ուռճացվում է, ինչը խիստ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված: «Վրաստանն անում է այն, ինչը պետք է անի: Նա իր տնտեսությունն է դիվերսիֆիկացնում: Պարզապես վրացական տնտեսության դիվերսիֆիկացիան, ի տարբերություն հայկականի, ավելի ռիսկային է թվում՝ թուրքական գործոնը հաշվի առնելով»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Վրաստանը Թուրքիայի հետ չկարգավորված հակամարտություններ չունի, հետեւաբար՝ Վրաստանում թուրքական տնտեսության ամրապնդման առիթով անհանգստանալու լուրջ հիմքեր չկան:
Հիշեցնենք, որ Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնի ներկայացրած հաշվետվությունում նշված է, որ այսօր Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ 76 պայմանագիր եւ համաձայնագիր է ձեւակերպված, որոնք ընդգրկում են գործնականում բոլոր ոլորտները: Դրանց թվում հարկ է նշել էներգետիկայի եւ տրանսպորտի ուղղությունները, ինչպես նաեւ առեւտրական եւ տնտեսական հարաբերությունները: Ուշագրավ է, որ 2 երկրների միջեւ ուղեւորությունները պարզեցվել են, եւ սահմանը հատելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը: Ներկայումս Վրաստանում աշխատում է ավելի քան 3200 թուրք-վրացական համատեղ ընկերություն: Թուրքիան Վրաստանի ամենակարեւոր առեւտրային գործընկերներից է:


























