ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Սեւանի ոստիկանությունում իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ երկու օր առաջ գլխավոր դատախազին ուղղված քաղաքացի Սեւակ Ոսկանյանի դիմումը, որը նախօրեին նաեւ հրապարակել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ, հանձնարարվել է անհապաղ ստուգել քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված հանգամանքները եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքացի Սեւակ Ոսկանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` ահազանգելով, որ իրեն բերման են ենթարկել Սեւանի ոստիկանություն, որտեղ խոշտանգել են, սպառնացել ու կորզել ցուցմունքներ: Սեւանի բնակչին սպառնացել են «տրուբի նստեցնել»:

Քաղաքացու դիմումը տարածել էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: