Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում օգոստոսի 2–ին արկի պայթյունից վիրավորված 20-ամյա Աշոտ Եփրեմյանն արդեն ապաքինվում է, նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ  «Արմենիա» ԲԿ-ից, որտեղ արդեն 22 օր է՝ երիտասարդը բուժում է ստանում: Հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդն այս պահին գտնվում է Վիրաբուժական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝Ռ. Մ.-ին պատկանող Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել՝ Նիկոլ եւ Աշոտ Եփրեմյանները: Տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: