Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության ղեկավարը կարեւորել է արդեն ավանդական դարձած պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի եւ զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:
Դեսպան Միլսը նախ իր ափսոսանքն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ում լսելով չէ, որ գիտեն, թե ինչ բարդություններ կան նման աղետների դեմ պայքարում։ Նա նշել է, որ դեսպանությունը կապի մեջ է ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ՝ հրդեհի հետեւանքների վերացման գործում գերատեսչություններին տեխնիկական եւ փորձագիտական օժանդակության ուղղությունները հստակեցնելու նպատակով:
Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին՝ դեսպան Միլսը նշել է. «Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին եւ խորացնել երկկողմ առեւտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»:
Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված եւ ավելացրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ գործարար դաշտի հետագա բարելավման ուղղությամբ կառավարության նախաձեռնություններին:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար եւ ավելացրել, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցածի կապակցությամբ վերլուծություններ են արվելու, որից հետո ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը կլինի ավելի կոնկրետ:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ ՊԵԿ-ի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է այս ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։ «Սակայն այս ուղղություններով դեռեւս շատ անելիքներ ունենք եւ բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել է վարչապետը:




























