Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանության համար դատավորի ներգրաված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը չի պատրաստվում վերանայել դիրքորոշումը եւ հրաժարվել նրանց պաշտպանությունից՝ չնայած Ներսես Պողոսյանը հրաժարվել է իր ծառայությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Մարինե  Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական վերջին նիստին դատավորը Սեֆիլյանի եւ Պողոսյանի պաշտպանության համար ներգրավվել էր հանրային պաշտպան, քանի որ նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին:  Մարինե Թովմասյանը հայտարարել էր, որ տեսակցել է Ներսես Պողոսյանի հետ եւ վերջինս հրաժարվել է իր պաշտպանությունից, բայց  կշարունակի ներկա գտնվել դատական նիստերին մինչեւ նրանց պաշտպանները վերադառնան: 

«Իմ դիրքորոշումը չի փոխվելու,  պաշտպանյալիս հետ որ տեսակցել եմ, մասնավորապես Ներսես Պողոսյանի, քանի որ Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկացել ներքեւ իջնել, Ներսես Պողոսյանին հայտնել եմ իմ դիրքորոշումը: Կգան իրենց փաստաբանները, եւ իմ լիազորությունը կդադարեցվի օրենքի համաձայն»,-ասաց փաստաբանը:

Մեր դիտարկմանը որ որպես կանոն  թե «Սասնա ծռերի», թե Ժիրայր Սեֆիլյանի գործերով երբ դատավորի ներգրավված հանրային պաշտպանից հրաժարվում է ամբաստանյալը, պաշտպանը լքում է նիստը՝ պատճառաբանելով, որ չի կարող պաշտպանյալի կամքին հակառակ պաշտպանություն իրականացնել, Մարինե Թովմասյանը խորհուրդ տվեց փաստաբաններին նշել համապատասխան օրենսդրական դրույթը. «Բոլոր փաստաբաններն, ովքեր նման բան են հայտարարում, հարց ուղղեք, որպեսզի վերջիններս մատնանշեն օրենսդրական նորմը, թող մատնանշեն Եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշում, որտեղ կոնկրետ իմ վարքագիծը ոչ իրավաչափ է կամ չի բխում օրենքից: Ես ինքս էլ եմ դատարանին ասում, որ դուք խախտում եք, բայց դա չի նշանակում, որ ես պիտի լքեմ նիստերի դահլիճը, որովհետեւ ես խախտում եմ կատարում: Թող նշեն նախադեպային որոշում կամ օրենք, որտեղ կասեն, որ իմ գործողությունը Եվրոպան չի ընդունում»:

Մեր հարցին՝ արդյոք իր վարքագծով չի՞ նույնացվում դատարանի հետ, փաստաբանը պատասխանեց.  «Գիտեք,  ինչ կա, ես աշխատում եմ չհետեւել նրանց, որովհետեւ յուրաքանչյուր իրավիճակում կգտնվեն մարդիկ, որոնք կքննադատվեն: Այսինքն, եթե մեկը ասաց, որ վատ վարվեցի կամ իմ անձնական կյանք ներխուժեն, դրանով որեւէ կերպ չեն կարող ազդել, ավելի շատ են իմ սկզբունքները վեր հանում: Իմ կոլեգաները, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես սկզբունքային եմ։ Համոզված եղեք, եթե օրենքը ինձ չի պարտադրում, ես չեմ անում: Ես թաքցնելու բան չունեմ, ես պատրաստ եմ նրանց փաստաբանների հետ տետ ա տետ զրուցել եւ հասկանալ՝ ինչ են ուզում։ Եթե գալիս եք էդ մարդկանց պաշտպանելու, ուրեմն պաշտպանեք, թող գան պաշտպանեն, իրենց ինչ է թվում, եթե էդ մարդիկ համաձայնություն տան, պիտի չպաշտպանե՞մ, թե՞ վատ իրավաբան եմ, դատավարությունը չգիտեմ»։

Մարինե  Թովմասյանն ասաց նաեւ, որ ծանոթանում է նշված գործին  եւ խնդիր չի տեսնում կարճ ժամանակահատվածում բոլոր հատորներին ծանոթանալու առումով:  «Եթե ես իմ մտքին դնեմ, երեք հատոր մի օրում կարամ ծանոթանամ: Հարցը դա չի, մարդ կա մի հատորը երեք ամսում է ծանոթանում, մարդ կա՝ մի ժամում: Եթե ես չունեմ համաձայնություն, ես դատարանում էլ հայտարարեցի, որ ես դա պետք է գրքի տեսքով ընթերցեմ՝ որպես գեղարվեստական գիրք: Կարդամ-չկարդամ, ծանոթանամ, թե ոչ, ես գիտակցում եմ, որ ցանկացած պահի էդ պաշտպանները կարող են գալ, դա ընդամենը գործի ծանոթացում է լինելու»,-ընդգծեց նա։