Շամիրամում օգոստոսի 1-ին 4 մարդու սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը հանրային պաշտպանից հրաժարվել է:
NEWS.am-ի հետ զրույցում Անժելա Հոբոսյանը նշեց, որ ուրբաթ օրն ինքն այցելել է Քալաշյանին, սակայն վերջինս հայտարարել է, որ այս պահին պաշտպանի կարիք չունի:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, տոկոսով 75 հազար դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45 հազար դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:
Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանը պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը և տոկոսադրույքները ստանալու հարցում նրանց միջամտությունը: Հերթական անգամ՝ օգոստոսի 1-ին առավոտյան Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։
Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Թ.Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Թ.Քալաշյանը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և հարցաքննել դեպքի շուրջ։ Նա կալանավորված է:


























