Նախկին կնոջ բնակարանը հրդեհել փորձելու մեղադրանքով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Հմայակ Պետրոսյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացնել իրեն:

Հմայակ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ իր նախկին կնոջ, Մասիս քաղաքի Նոր թաղամասի 5-րդ շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի Վարսենիկ  Եփրեմյանի հետ, 2017թ. ապրիլի 11-ին ժամը՝ 21:30-ի սահմանում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, գնացել է Մասիս քաղաքի Նոր թաղամասի 5-րդ շենքի 36-րդ բնակարան, Վարսենիկ Եփրեմյանի հետ հաշտվելու եւ միասին բնակվելու առաջարկությամբ, սակայն նա մերժել է նրան՝ դուրս հրավիրել բնակարանից՝ փակելով մուտքի դուռը, որից հետո Հմայակ Պետրոսյանը թակել է դուռը, որպեսզի կրկին մուտք գործի բնակարան եւ հաշտվի Վարսենիկ Եփրեմյանի հետ, սակայն կրկին մերժում ստանալով, բարձրաձայն հայտնել է, որ կհրկիզի նրանց մուտքի դուռքը եւ այդպես ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, որը զուգորդվել է հրկիզման եղանակով, նախապես իր բնակարանի լամպը այրելու համար գնված եւ իր մոտ գտնվող 1.5 լիտր տարողությամբ ՙԿոկա Կոլա՚ գրառմամբ պլաստմաասե տարայի մեջ լցված շուրջ 100 գրամ նավթը լցրել է բնակարանի մուտքի դռան եւ դրա դիմաց գտնվող շորի վրա, այնուհետեւ այրել կրակայրիչով եւ հրկիզման եղանակով փորձել է պատճառել զգալի չափերով՝ 35.000 ՀՀ դրամ գույքային վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բնակարանատերերը բնակարան լցվող ծուխը նկատելով, անմիջապես դուրս են եկել, հանգցրել կրակը, իսկ նա դիմել է փախուստի:

Հմայակ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Հանցափորձ, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: