«Խուստուփ» արգելավայրում հանգցվել է 100 քմ տարածք ընդգրկող նոր բռնկված հրդեհի օջախ:

Այս առնչությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են խիստ հսկողության տակ:

Օգոստոսի 28-ի ժամը 19:30-ին «Սեւան»ազգային պարկ»ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի Այրիվանի տեղամասում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 150մ 2 չոր խոտածածկ տարածք: Հրդեհը հանգցվել է, շրջակա միջավայրն էական վնաս չի կրել:

Օգոստոսի 28-ի ժամը 11:42-ին «Խուստուփ» արգելավայրում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, Խուստուփ լեռից դեպի արեւմուտք այրվել է մոտ 100 մ 2 խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի 30 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին:

Օգոստոսի 29-ի ժամը 12-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրում ծխի օջախներ չկան:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են  անխարգելիչ միջոցառումներ: