«Սասնա ծռերի» եւ Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությունները սկսվեցին հասարակ զննություններով եւ ավարտվեցին դռնփակ դատական նիստերով: Այսօր՝ օգոստոսի 29-ին, նման կարծիք հայտնեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Այսօր արդեն ունենք փակ դատական նիստեր Հանրային պաշտպանի գրասենյակի երկու պաշտպանի մասնակցությամբ: Մենք երկու ամիս առաջ ասում էինք՝ փորձում են հեռացնել ամբաստանյալներին եւ հանրային պաշտպաններով նիստ անցկացնել, այսօր այն արդեն իրականություն է»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի համար դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արդեն իսկ ներգրավվել է հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին: Ասուլիսին ներկա Մուշեղ Շուշանյանի գահատմամբ՝ Փաստաբանների պալատի նախագահի մակարդակով է որոշում կայացվել գտնել այնպիսի հանրային պաշտպանի, որը կհամաձայնվեր գալ նիստերին. «Արա Զոհրաբյանին եմ դիմում եւ պահանջում, որ կարգապահական վարույթ հարուցի անհապաղ, արտոնագրից պետք է զրկվի Մարինե Թովմասյանը»:

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի կարծիքով նույնպես խուզարկություններով միտում կար հանրային պաշտպանների ներգրավվել եւ առանց ամբաստանյալների դատավարություն անցկացնել:

«Իշխանությունների նպատակն է լռեցնել դատավարության մասնակիցներին՝ ամբաստանյալներին եւ պաշտպաններին: Ամբաստանյալներին հեռացնելու համար հեռացրին դահլիճից, իսկ պաշտպանների դեպքում լավագույն տարբերակը խուզարկությունն էր: Օրինակ, Մուշեղ Շուշանյանը երկու ամիս բարեխղճորեն գալիս էր դատարան, բայց չէր կարողանում դահլիճ մտնել, մինչ այդ ընթացքում նրա պաշտպանյալին դատարանի շենքում խոշտանգում էին: Կարեւոր նպատակը եղել է բոլորին լռեցնելը«,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ հենց այս պատճառով է նաեւ, որ ինքը սեպտեմբերի 9-ին Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը չի մասնակցելու: Մուշեղ Շուշանյանը նույնիսկ հայտարարեց, որ այս դեպքում ընտրություն բառի օգտագործումը տեղին չէ. «Այդ բառն արժեզրկել պետք չի, ընտրությունը լուրջ ու պատասխանատու բառ է, ընտրության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Սրանք ոչ թե ընտրություններ են, այլ քվեարկություն: Ընտրություն տեղի ունենալու համար հավասար պայմաններ պետք է լինեն, սա բացահայտ ձեւական բնույթ է կրում, որին ես մասնակցել չեմ պատրաստվում»: