«Երրորդմասցի Լյովիկի» եւ 2 ընկերների սպանության գործով այսօր՝ օգոստոսի 29-ին, հարցաքննվում են դեպքի վայրի զննությանը մասնակցած ընթերակաները:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջինը հարցաքննվեց ընթերականերից Վալոդ Խաչատրյանը: Նա պատմեց, որ ինքը մեքենան վերանորոգելիս է եղել, երբ իրեն կանչել են «ավտոմատը տեսնելու եւ ստորագրելու»: Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Վալոդ Խաչատրյանը եղել է դեպքի վայրի զննության արձանագրությանը մասնակցած ընթերականերից:
«Մեքենայի տակ գործ էի անում, սերժանտը եկավ, թե հոպար ջան բարի օր, մի րոպեով արի, մի բան նայի ու հետ արի: Ես էլ գնացի, ասաց՝ հոպար ջան, էս զենքը տեսնո՞ւմ ես, ասացի՝ ակնոցը չկա, որ կարդամ: Ինքն էլ ստորագրելու տեղը ցույց տվեց, որից հետո ես ստորագրեցի ու գնացի: Երկրորդ անգամ էլ կանչեցին ինձ, էլի ավտոմատ ցույց տվեցին: Էլի ստորագրել եմ ու հետ եկել: Ինձ ասացին՝ քեզ բան չկա, ստորագրում ես, գնում գործիդ, քեզ չեն էլ կանչելու: Ես ոչ մի փաթեթավորում չեմ տեսել»,- պատմեց Վալոդ Խաչատրյանը:
Թե ինչ տեսակի զենք էր, ինչ դիրքով էր դրված, ընթերական չէր հիշում: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին, թե իր ստորագրելուց հետո զենքն ինչ են արել, ընթերական պատասխանեց, որ փաթեթավորում չի եղել: Մեղադրողի հարցին՝ քանի տեղ է Վալոդ Խաչատրյանը ստորագրել, վկան նշեց, որ երեք անգամ ստորագրել է, ապա գործի նյութերում ցույց տվեց իր ստորագրությունները: Մեղադրող Արամյանը ցույց տվեց, որ կա 6-7 ստորագրությամբ: Դատախազի հարցին՝ հստակ հիշո՞ւմ եք ամեն ինչ, ընթերական պատասխանեց, որ կան բաներ, որոնք չի հիշում: Դիտարկմանը, թե քանի ինքնաձիգ է ինքը տեսել, Վալոդ Խաչատրյանն այս անգամ նշեց՝ երեք ինքնաձիգ է տեսել:
«Մի հատ դաշտի մոտ էր, երկու հատը՝ բերդի ճանապարհին»,- ասաց վկան:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի հարցին՝ բացի իրենից այլ մարդ էլ է ստորագրել, Վալոդ Խաչատրյանը վստահեցրեց, որ այդ պահին միայն ինքն է ստորագրել:
Հաջորդը հարցաքննվեց ընթերակա Մայիս Բագոյանը: Նա դատարանին պատմեց, որ ինքը եկել էր ընդմիջման, երբ մի տղամարդ մոտեցավ իրեն, ասաց, որ ստորագրի, որ զենքը տեսել է:
«Էլ բան չեմ տեսել, ստորագրել եմ, գնացել տուն, հաց կերել ու ժամը 2-ի սահմաններում էլի գնացել գործի, բայց ժամերը չեմ կարա տոչնի հիշեմ»,- ասաց վկան:
Լուսինե Սահակյանի հարցին՝ կոնկրետ ինչ է տեսել, ընթերական պատասխանեց. «Հենց սետկի մոտ մի հատ փոքր ավտոմատ էր գցած, ձեռնոցով մի մարդ սովորական թերթ բերեց, փաթաթեցին, դրեցին ավտոն, ես էլ ստորագրել եմ ու գնացել: Էդ մի ավտոմատն եմ ես տեսել, ուրիշ բան ես չեմ տեսել»:
Վկան նշեց, որ ինքը չի կարդացել, թե ինչի տակ է ստորագրել, իրեն ոչ ոք նույնիսկ չի ասել, թե ինչի համար է մասնակցում դեպքի վայրի զննությանը:
Մեղադրող Արամյանի ճշտող հարցին՝ ընդամենը մեկ զենք է տեսել, վկան դրական պատասխան տվեց: Թե քանի տեղ է ստորագրել, Մայիս Բագոյանը հստակ չէր հիշում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


























