Արտագաղթը բացասաբար է ազդում հայկական պետականության հնարավորությունների վրա եւ արդեն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է դարձել։ Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Արմեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ եթե հայկական կողմերը ցանկանում են կանխել Ադրբեջանի կողմից  հնարավոր ագրեսիան, նրանց անհրաժեշտ է ամրապնդել սեփական պետականությունը։

«Պետք է այնպես անել, որ մարդիկ երկիրը լքելու փոխարեն մնան իրենց հայրենիքում։ Արտագաղթի տեմպերն օրեցօր մեծանում են։ Դա շատ մեծ սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար»,-ասաց պատմաբանը։

Կարապետյանը նշեց, որ տվյալ խնդրի լուծումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխիքը եւ Բաքվի ագրեսիան զսպող ամենահուսալի գործոնը։