Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության գործով դատաքննությունը: Գործով ամբաստանյալը Գուրգեն Ավետիսյանի ընկերն է՝ Արա Մովսիսյանը: NEWS.am-ը գործի վերաբերյալ զրուցել է Մովսիսյանի պաշտպան Լեւոն Սահակյանի հետ:

Պարոն Սահակյան, ի՞նչ փուլում է դատաքննությունը:

Այս պահին հարցաքննվում են վկաները: Հարցաքննվել է նաև որպես վկա ներգրավված Համլետ Ավետիսյանը, որը տուժողի՝ Գուրգեն Ավետիսյանի եղբայրն է: Նրա կողմից դատարանում տված ցուցմունքները հակասում էին նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներին, ինչի կապակցությամբ էլ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները: Մինչդեռ հակասության մասով այդպես էլ որևէ պարզաբանում դատարանին չներկայացվեց:

Մովսիսյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը: Եթե այո, պատմե՞լ է, թե ինչու է այդ քայլին դիմել:

Արա Մովսիսյանը դատարանում կատարել է հետևյալ հայտարարությունը. «Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ինձ առաջադրված մեղադրանքին, ապա հայտարարում եմ, որ իրոք Գուրգեն Ավետիսյանը մահացել է իմ գործողությունների հետևանքով, սակայն ես գործել եմ բացառապես պաշտպանական նպատակներով և փրկել եմ իմ ու ներկաների կյանքը: Արարքս հանցագործություն է, թե ոչ, չեմ կարող ասել, քանի որ իրավաբան չեմ, ինչը նշանակում է, որ չեմ կարող ընդունել նաև նշված հանցանքը կատարելու մեջ ինձ առաջադրված մեղադրանքը կամ անմեղությունը: Սակայն կարող եմ նշել միայն, որ ցավում ու զղջում եմ կատարվածի համար և ամեն ինչ կտայի, որ այն տեղի ունեցած չլիներ»:

Պարոն Սահակյան, այդ դեպքում ինչո՞ւ է նրան մեղադրանք առաջադրված սպանության հատկանիշներով:

Կարծում եմ, որ դեռ նախաքննության փուլում վարույթ իրականացնող մարմինն ուներ բավարար հիմքեր Արա Մովսիսյանի նկատմամբ սպանության մասով քրեական հետապնդումը դադարեցնելու համար, քանի որ գործում առկա գրեթե բոլոր ապացույցները փաստում են, որ պաշտպանյալս գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Մասնավորապես, Գուրգեն Ավետիսյանը, գտնվելով միջին աստիճանի հարբածության վիճակում, եկել է Արա Մովսիսյանի աշխատասենյակ, վիճաբանել է ներկաների հետ, իր մոտ եղած դանակով հարվածել է ներկաներից Վարդան Նալբանդյանին, այնուհետև հարձակվել Արա Մովսիսյանի վրա: Արա Մովսիսյանը սկզբում կրակել է Գուրգեն Ավետիսյանի ոտքին, սակայն, տեսնելով, որ վերջինս շարունակում է իր ուղղությամբ դանակով հարձակումը, ստիպված կրակել է կրծքավանդակին: Այլ կերպ ասած, մենք գործ ունենք դասագրքային անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի հետ:

Ի՞նչ հարաբերություն են ունեցել տուժողն ու ամբաստանյալը: Տեղեկություններ կան, որ ընկերներ են եղել:

Այո, ընկերներ են եղել: Գուրգեն Ավետիսյանին սպանելու որևէ շարժառիթ Արա Մովսիսյանը չի ունեցել: Նաև այդ պատճառով է, որ Արա Մովսիսյանը շարունակ պնդում է, որ ամեն ինչ կտար, որ դեպքը տեղի ունեցած չլիներ:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ 2016թ. մայիսի 14-ին կեսօրին Արա Մովսիսյանն անձնական դրդապատճառներով վիճաբանել էր Գուրգեն Ավետիսյանի հետ: Այդ ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած գործով չպարզված տեսակի ատրճանակի գործադրմամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Մովսիսյանը կրակել ու սպանել էր գործարարին:

Արա Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ այս գործով ի սկզբանե ձերբակալվել էր Գուրգեն Ավետիսյանի մանկության ընկեր Արմեն Փափազյանը: Ավելի ուշ, սակայն, նա ազատ արձակվեց եւ նրա փոխարեն գործով որպես մեղադրյալ ներգրավվեց Արա Մովսիսյանը: