«Nabucco-ն` որպես այդպիսին, չի կարող ամբողջությամբ անցնել Հայաստանով, սակայն Իրանի Nabucco նախագծին միանալու դեպքում, Իրան-Հայաստան արդեն կառուցված գազամուղը կարող է օգտագործվել, որպեսզի իրանական գազը Հայաստանի տարածքով մտնի Թուրքիա եւ միանա Nabucco-ին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» վերլուծական կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը:

Հարցին, թե որքանո՞վ է դա իրական, նա պատասխանեց. «Սահմանների բացման դեպքում դրա իրականացման հնարավորությունը շատ մեծ է, քանի որ դրանում շահագրգռված կլինի ե'ւ Իրանը, որը դրանով կմեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասի էներգետիկ շուկայում, դրանում շահագրգռված կլինի Ռուսաստանը, քանի որ ռուսական ընկերություններն են Հայաստանում հիմնական դերակատարները էներգետիկայի ոլորտում, եւ նրանք անմիջական մասնակից կդառնան նաեւ Nabucco գազամուղին, շահագրգռված կլինի նաեւ Թուրքիան, որի միջազգային եւ էներգետիկ քաղաքականության հիմնաքարն է դառնալ տարանցիկ պետություն: իսկ եթե գազը Հայաստանից մտնի Թուրքիայի տարածք, ապա դրանով Թուրքիան եւս մեկ քայլ կկատարի տարանցիկ երկիր դառնալու ճանապարհին»:

«Իսկ Ադրբեջանի խոչընդոտը հաղթահարելի կլինի՞», հարցին էլ արձագանքեց. «Եթե սահմանները բացվեն, առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը, դա տարածաշրջանում մեծ հեղափոխություն կլինի, եւ գազատարի անցկացման հարցում որեւէ խնդիր չի առաջանա: Ակնհայտ է, որ Ադրբեջանից Հայաստան գազատար չի մտնի եւ Հայաստանը չի դառնա ադրբեջանական գազը տարանցող պետություն, քանի որ մենք ունենք ԼՂ խնդիր, որը մոտակա տարիներին դժվար թե լուծվի: Այս տեսակետից տարանցման հեռանկարները կապված են միայն իրանական գազի հետ»: