1 ու կես տարվա ազատազրկման դատապարտված «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքով, եթե Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողնի Անի Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, ապա Անի Հովհաննիսյանը ազատության մեջ կլինի նոյեմբերի 3-ին:
Այս գործով մեղադրողը եւս դիմել է Վերաքննիչ, նա պահանջում է Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել նաեւ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից շորթում կատարելու դրվագով:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր էր ճանաչել միայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով եւ արդարացրել էր շ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:
Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով՝ Շորթումը: Նա կալանավորված է:


























