Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելու գործով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով դեռ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  գործով տուժող ճանաչված Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ գործով տուժող ճանաչված Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի, Գագիկ Եղիազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի մասնակցությամբ առերեսում չի եղել: Փաստաբանի խոսքով, այս գործով կասկածյալներ եւս դեռ չկան:

Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում հուլիսի 18-ին «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: