Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի գործով Վերաքննիչ բողոքի քննությանը պաշտպանն ինքնաբացարկ է հայտնել նախագահող դատավորներին: Պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը, սակայն, մերժվել է: Պաշտպանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը Արարատ Խանդոյանի գործով հարցեր  է ուղղել: Նա նշեց, որ այս գործով արդարադատություն միայն Հայաստանից դուրս են սպասում:

Բողոքի քննությունը կշարունակվի սեպտմեբերի 19-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը: