Արեւմտյան երկրների մասնակցությամբ տարբեր մակարդակներով կազմակերպված միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը միշտ էլ ստացել է Ռուսաստանի ոչ միանշանակ արձագանքը։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի եւ Վրաստանի բանակների միջեւ զորավարժություններին մասնակցելու հայկական կողմի մերժումը կանխատեսելի էր։ «Եվ հարցն անգամ այն չէ, որ զորավարժություններին հայկական կողմից պետք է մասնակցեին 3 բժիշկ, ամեն բան բացառապես քաղաքական նշանակություն ունի»,– պարզաբանեց քաղաքագետը։
Միաժամանակ փորձագետը նշեց, որ ԱՄՆ–ում եւ առհասարակ ամբողջ աշխարհում հիանալի հասկանում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է։ Բնականաբար, դա կարող է ազդել նաեւ այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ «Բոլորն էլ ամեն բան հիանալի հասկանում են։ Կարծում եմ, որ Ռուսաստանում էլ են դա հիանալի հասկանում։ Նա ինքն է հարեւանների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք ավելի շատ խնդիրներ են ստեղծում հենց իր համար»,– ընդգծեց փորձագետը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է զորավարժություններին մասնակցությունից։ Իսկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ իր հերթին զարմանք էր հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ ՊՆ–ն չի հայտարարել այդ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մտադրության մասին։




























