ԱՄՆ-ը մտադիր չէ հեռանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից եւ նախատեսում է այդ հարցի վերաբերյալ սերտ շփումներ ունենալ Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերը, ներգրավվածությունը եւ պատրաստ ենք այդ հարցով սերտ համագործակցել Ռուսաստանի հետ», - ասել է Գորդոնը:

Նա հերքել է պնդումը, թե ԱՄՆ-ը բավականաչափ չի մասնակցում  հակամարտության կարգավորման աշխատանքներին:

«Մենք սերտ կապեր ունենք կողմերի, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ եւ շահագրգռված ենք արդյունքներով այնպես, ինչպես եւ համանախագահող Ռուսաստանն ու Ֆրանսիան», - ասել է Գորդոնը` պատասխանելով ԱՄՆ-ի պասիվ դիրքորոշման վերաբերյալ հարցին:

Գորդոնի խոսքով, ինքն ու իր գործընկերները կապի մեջ են հակամարտող կողմերի հետ:

«Պետքարտուղար Քլինթոնը, որն ամռանն այցելեց Հայաստան եւ Ադրբեջան մշտապես տեղեկացվում է այդ հարցի մասին եւ ուշադիր հետեւում է իրավիճակին: ԱՄՆ-ն, կարեւորելով հակամարտության կարգավորումը, ակտիվորեն կմասնակցի բանակցային գործընթացին», - նշել է Գորդոնը:

Ամերիկացի պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղն էր, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդես եկավ համատեղ հայտարարությամբ: Գորդոնը դրական գնահատական է տվել այդ հայտարարությանը:

Պետքարտուղարի տեղակալը նաեւ ԱՄՆ-ի անհանգստությունն է հայտնել զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ: