Գյումրիում 2015թ. ապրիլին մայր եւ դուստր Քնար եւ Ալվարդ Շահումյանների սպանությունը դեռեւս չի բացահայտվել:
NEWS.am-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ քրեական գործը կասեցվել է:
Նշենք, որ մոր եւ դստեր սպանության գործով երկու տասնյակից ավելի մարդ է հարցաքննվել, այդ թվում նրանք, ում Շահումյանները պարտքով կամ տոկոսով գումար են տվել: Սակայն առ այսօր իրավապահները չեն կարողանում գտնել մեղավորին կամ մեղավորներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ եւ 104-րդ հոդվածների հատկանիշներով:



























