Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 16 միավոր տեխնիկա:

Սահմանված է հերթապահություն. տարվում է հետմարման աշխատանքներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն Արագածոտնի մարզից հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է եւ սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող եւ 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ եւ Հայանտառի աշխատակիցներ):

Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների եւ ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում: