""Հայաստանում Ֆրանսիական համալսարանը" ոտնահարել է իմ իրավունքները",- այսօր փաստաբանների պալատում նման հայտարարությամբ հանդես եկավ այդ բուհի դեմ դատական հայց ներկայացրած՝ համալսարանի նախկին ուսանողուհի Անահիտ Մանասյանը։

Ավելի քան 3 տարի ձգվող դատական գործընթացի պատճառը խաբեությունն է, ինչի հետեւանքով համալսարանի նախկին ուսանողուհին նախապես խոստացված երկու՝ հայկական եւ ֆրանսիական պետական դիպլոմների փոխարեն ստացել է միայն մեկը, այն էլ ոչ թե պետական (LICENSE), այլ միայն ներբուհական (DESFA) նշանակության, որը համալսարանի պատերից դուրս պարզապես չի գործում։

Ընդգծելով, որ իր հայցը ոչ թե կոնկրետ անձի (այս դեպքում՝ «Ֆրանսիական համալսարանի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի), այլ պարզապես ԲՈՒՀ-ի դեմ է, Ա. Մանասյանը նշեց, որ ինքը խաբվածներից մեկն է միայն, եւ բազմիցս կոչ է արել համալսարանական իր ընկերներին միասին հանդես գալ իրենց իրավունքները ոտնահարողների դեմ։ Նրանցից ոչ ոք, սակայն, համալսարանի՝ «դիպլոմները հետ կանչելու» սպառնալիքի տակ չի համաձայնել միանալ իրեն։

Երկրում գործող օրենսդրությունից դժգոհ՝ նախկին ուսանողուհին նշեց, որ իր պահանջի հանդեպ անտարբեր են մնացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ու Նախագահի աշխատակազմում։ J. Moulin Lyon 3 համալսարանից եւս, որի մասնաճյուղն է «Հայաստանում ֆրանսիական համալսարանը», չեն արձագանքել: