Արցախի դիրքերից մեկում 2016թ. հոկտեմբերի 15-ին ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանության գործով ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Խուդավերդյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ընդունում է, որ Վահագն Վիրաբյանը մահացել է իր կրակոցից:
«Դեպքից հետո Ռազմիկը գնացել եւ հայտնել է, որ ինքը կրակել է Վահագնի վրա, քանի որ նա սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել իր հասցեին, զինվորական լեքսիկոնով ասած «խլեշ» հայհոյանք է հասցրել, ինչի պատճառով էլ 30 կրակոց է արձակել Վահագն Վիրաբյանի ուղղությամբ: Այս փաստը մենք չենք էլ վիճարկում»,- ասաց պաշտպանը:
Ըստ գործում առկա նյութերի՝ երկու զինծառայողների միջեւ վիճաբանություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է եղել, որ Վահագն Վիրաբյանը հրաժարվել է մարտական դիրքում հերթափոխի կանգնել՝ ասելով, թե քնած է եւ «մտքերով տանը», ապա հայհոյել Ռազմիկ Խուդավերդյանին: Մեղադրական եզրակացության համաձայն, ժամկետային զինծառայող Ռազմիկ Խուդավերդյանը դեպքի օրը վիճաբանել է Վահագն Վիրաբյանի հետ: Վիճաբանության ընթացքում Վիրաբյանի կողմից իրեն հայհոյելու համար, վրեժ լուծելու շարժառիթով Խուդավերդյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը և դիատավորությամբ կրակահերթ արձակել ծառայակցի վրա ու սպանել նրան:
«Վիճաբանություն տեղի չի ունեցել»,- ասաց Աշոտ Ապրեսյանը:
Նշենք, որ գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. հոկտեմբերի 15-ին ժամը 08:40-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ: Վահագն Վիրաբյանը Եղվարդից էր, տան միակ արու զավակը:




























